Պերուի մայրաքաղաք Լիմայում մայիսի 3-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացված է երեք մարզիկով` Իզաբելա Յայլյան (58 կգ), Անդրանիկ Կարապետյան (77 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ):
Հիմք ունենալով նախնական պատվերները` մրցակցության հաջող ընթացքի դեպքում հատկապես լավ են ներկայանում մեր տղաների շանսերը: Այսպես, իր 390 կգ նախնականով Գոռն առանձնակի դժվարություն պիտի որ չունենա ու պիտի որ տեր դառնա երկամարտի արծաթին, իսկ Անդրանիկի 330-ը երկամարտում թեպետ չորրորդ արդյունքն է, սակայն այն այնքան էլ հեռու չէ մրցանակային երրորդ տեղի հավակնող մրցակցի հայտավորածից:
Իհարկե, նախնական պատվերներն առանձնապես լուրջ կողմնորոշիչ չեն հեռուն գնացող եզրակացություններ անելու համար, որովհետև, կախված այս կամ այն մարզիկի, մարզչական կորպուսի մարտավարությունից, դրանք հավասարապես կարող են լինել ինչպես սահմանային, այնպես էլ մեկնարկային: Զորօրինակ, այս ապրիլին Տիրանայում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի անվան դիմաց նույնպես նշված էր 330 կիլոգրամ, սակայն ծանրորդը երկամարտում սանձեց 346 (160+186) կգ կշռող ծանրաձողը` սոսկ անձնական քաշով զիջելով մեծ արծաթն ու բրոնզը (պոկում վարժության 160-ն արծաթի գին է ունեցել): Ի դեպ, դարձյալ առաջին անգամ, նույն Եվրոպայի առաջնությանն է մասնակցել նաև Գոռ Մինասյանն ու երկամարտում իր համար բավական համեստ արդյունք ցույց տվել` 400 (185+215) կիլոգրամ: Ասում ենք համեստ, որովհետև անցած մրցաշրջանի իր վերջին մրցելույթում` աշխարհամասի 20 և 23 տարեկանների առաջնությունում, մարզիկը ցույց էր տվել 421 (191+230) կիլոգրամ արդյունք` անգերազանցելի մնալով թե՛ երկամարտում, թե՛ առանձին ձևերում:
Սովորության համաձայն` ներկայացնենք և այլ ընտրանիների կազմում հանդես եկող մեր հայրենակիցներին: Այս առաջնությանը մասնակցում է ևս երեք հայ ծանրորդ` նույնպես մեդալային որոշակի հավակնություններով: Նրանք են Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Անի Սարգսյանը (69 կգ), Ռազմիկ Հունանյանը (77 կգ), Կարեն Մարտիրոսյանը (69 կգ): Այս երեքից առանձնապես տիտղոսակիր է Ռազմիկը, ով աշխարհի պատանիների կրկնակի չեմպիոն է: Ի դեպ, նա Անդրանիկի անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանի հարազատ քրոջ որդին է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ